Վանաձորում ավագանու մանդատի ու պաշտոնի ուշագրավ փոխատեղում է կատարվել ամուսինների միջև:
Նախկին պաշտոնյան՝ համայնքապետարանի եկամուտների հավաքագրման բաժնի պետ Արմեն Այվազյանը, կնոջից ավագանու մանդատ ստացավ, փոխարենը՝ մանդատից հրաժարված նրա կինը՝ Լիլիթ Հովսեփյանը, ամուսնու նախկին պաշտոնն է ստացել: Ինչո՞ւ է համայնքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյանն Այվազյանից հետո հենց նրա կնոջը վստահել այս պատասխանատու պաշտոնը: Հովսեփյանը սոցիալական աշխատող էր: Փելեշյանի մամլո խոսնակ Աստղիկ Ավետիքյանն «Ազատությանն» ասաց՝ այս պահին բացատրություն չունի: Համայնքապետարանում նման հարց չի քննարկվել: Իսկ կոմպրոմատների ազդեցության տակ պաշտոնն ընտանիքին թողնելը բացառում է:
«Պաշտոնը որևէ ընտանիքին չի պատկանում և չի մնում: Ինչ վերաբերում է համայնքապետարանի աշխատակազմի վերաբերյալ որևէ կոմպրոմատ ունենալուն և այլն, ես բացառում եմ նման բաները: Որովհետև աշխատակազմը գործում է կառավարության սահմանած որոշումների, պահանջներին համապատասխան՝ առանց դրանցից շեղվելու: Ըստ էության, որևէ կոմպրոմատի մասին խոսք լինել չի կարող», - ասաց համայնքապետի պաշտոնակատարի խոսնակը:
Արմեն Այվազյանը, որ այս պաշտոնին էր արդեն երեք տարի, անցած ամիս քաղաքապետարանից բերման ենթարկվեց ու ձերբակալվեց կաշառք ստանալու մեղադրանքով: Բայց դատարանը մերժեց նրան կալանավորելու և պաշտոնը կասեցնելու քննիչների միջնորդությունը, դատարանից ազատ արձակվեց: Քննիչները բողոքարկել են Այվազյանին ազատելու դատարանի որոշումը: Բայց մինչ Վերքաննիչը կքննի բողոքը, Արմեն Այվազյանը պաշտոնից է հրաժարվել, նրա կինը՝ ավագանու մանդատից, որ չորս տարի առաջ որպես «Ապրելու երկիր» խմբակցության անդամ էր ստացել: Ինչ է նշանակում այս փոխատեղումը: Արդյո՞ք քաղաքական պայմանավորվածությունների արդյունք է: Ինչպե՞ս Այվազյանները համայնքապետարանի այս պաշտոնն իրենց ընտանիքի ձեռքում պահեցին: Արմեն Այվազյանն ասում է. «Հիմա ես անգործ մարդ եմ, երկու դիպլոմ ունեմ, էդքան փորձ ունեմ, էսքան ամեն ինչից հասկանում եմ, ավագանի էլ չվերցնեի՞»:
Կաշառքի համար մեղադրվող նախկին պաշտոնյան, որ այժմ փաստացի ընդդիմադիր խմբակցության «Ապրելու երկրի» անդամ է, իշխանամետ դիրքերից է խոսում: Չնայած ձերբակալվելուց ու ազատ արձակվելուց մեկ շաբաթ անց սոցիալական ցանցերում նրա գրառումներն ավելի կոշտ էին: Պաշտոնի փոխարեն ավագանու մանդատ ստանալու մասին վանաձորցիներին տեղեկացնելով գրել էր, թե «ուսումնսիրելու է վճարված հարկերի ծախսման արդյունավետությունը»:
«Կուսումնասիրվեն բոլոր մրցույթները, կատարողականները և ավագանու լիազորությունների մեջ մտնող բոլոր հարցերը: Առաջիկայում կհրավիրեմ մամուլի ասուլիս և կներկայացնեմ հետաքրքիր նորություններ»,- գրել էր Արմեն Այվազյանը: Մինչդեռ ո՛չ ասուլիսը տեղի ունեցավ, ո՛չ էլ խոստացված հետաքրքիր նորությունները հրապարակվեցին: Ինչի՞ մասին էր պատրաստվում խոսել նախկին պաշտոնյան: Ասում է՝ ուսումնասիրությունները չի ավարտել, հարկ եղած դեպքում կխոսի. «Ես՝ որպես ավագանու անդամ, նոր եմ մանդատ ստացել, ուսումնասիրություններ եմ կատարում, բյուջե եմ նայում, ինչ-որ ասել եմ, իհարկե հայտնելու եմ, բայց ուսումնասիրելուց, փաստերը հավաքագրելուց, ամբողջ ինֆորմացիային տիրապետելուց հետո», - ընդգծեց Այվազյանը:
Վանաձորում այս տարի ընդամենը ավագանու մեկ արտահերթ նիստ է տեղի ունեցել՝ գարնանը: Չնայած իշխանականների հայտարարություններին, թե հաջորդ տարի աննախադեպ ծրագրեր են իրականացվելու Վանաձորում, տարին ավարտվում է ու ո՛չ բյուջեն, ո՛չ էլ խոստացված սուբվենցիոն ծրագրերն այդպես էլ չեն հաստատվել:
Պաշտոնաթող Արմեն Այվազյանն այս մասին էլ ընդամենը շաբաթներ առաջ՝ բյուջեի հանրային լսումների նախօրեին գրել էր. «Կարծում եմ՝ ավելի արդար կլինի վանաձորցիներին չխաբել և ասել, որ նիստ չի լինելու, և բյուջե չի հաստատվելու, քան ձևական լսումներ դնել և նիստի պատրվակով չլուծել նիստի հետ կապ չունեցող հարցերը: Վանաձորում նիստի փոխարեն կարծում եմ ավելի հետաքրքիր զարգացումներ են լինելու: Մի փոքր սպասեք: Մի՛ խաբեք վանաձորցիներին», նման կոչ էր հրապարակել համայնքապետարանի նախկին պաշտոնյան: